Խոր Վիրապ – Նորավանք – Արենի – Տաթև

Խոր Վիրապ

 

Խոր Վիրապ, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից:

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին: Տրդատ 3-րդ-ը Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից (4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ) դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել է իբրև պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։

 

 

Նորավանք

 

Նորավանք, վանքային համալիրը կառուցվել է 13-14-րդ դարերում: Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից, ինչպես նաև մշակութային խոշոր կենտրոն, որը սերտորեն կապված էր հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանն ու Տաթևի վանքը:

Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած (1339թ.) Օրբելյանների տոհմական երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, որի քարագործ-վարպետը միջնադարյան անվանի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկն էր։ Կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին՝ Մոմիկի խաչքար-մահարձանն է։

Ըստ ավանդության, վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան։ Աղջիկն էլ հավանում է Մոմիկին։ Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում՝ «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»։ Երիտասարդ վարպետն ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում։ Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը։ Իմանալով այդ՝ իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին։ Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:

 

 

Արենի

 

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է ճարտարապետ Մոմիկի կողմից 1321թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։

2004 թվականից սկսած, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։

Արենիի քարանձավը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2008թ. այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (ավելի քան 5500 տարեկան): 2011թ. հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը (մ. թ. ա. 4-րդ հազարամյակ)։

 

 

Տաթև

 

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։

Տաթևի համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է, որը հիմնադրվել է 895թ.:

Վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ. մեկի համաձայն, Տաթևի վանքի կառուցումն ավարտելուց հետո, քարագործ վարպետը «Հոգին սուրբ, տա թև» խոսքերն ասելուց հետո, ուսերին թևեր են բուսնել, և թռչել-հեռացել է:

Երկրորդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որն այս վայրերում տանջամահ է եղել: 4-րդ դարում նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների հետևում, Տաթևի վանքից ոչ հեռու պահպանվել են եկեղեցու ավերակները։

Տաթևը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային խոշոր կենտրոն։ 14-րդ դարում հիմնադրվել է Տաթևի համալսարանը, որին կից բացվել է մանրանկարչության դպրոցն ու մատենադարանը:

2010թ. շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի՝ «ՏաԹևեր»-ը (5.7 կմ)։

 

 

Տևողությունը` 11-12 ժամ

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

 

Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի4-6 հոգի
7-ից ավելի
- դրամ
- դրամ
- դրամ
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի4-6 հոգի
7-ից ավելի
- դրամ
- դրամ
- դրամ
 
Տուրի արժեքը չի ներառում ՝
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
Top