Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հակիրճ տեղեկություններ Հայաստանի մասին

Հակիրճ տեղեկություններ Հայաստանի մասին

 

Որտե՞ղ է գտնվում Հայաստանը

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին, աշխարհի վեց հնագույն երկրների կազմում է, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով և հասնել մինչև մեր օրերը։ Ինչպես նաև առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Գտնվում է արևմտյան Ասիայում, Անդրկովկասի հարավում։ Սահմանակից է Վրաստանին (սահմանի երկարությունը՝ 219 կմ), Ադրբեջանին (566 կմ), Իրանին (44 կմ), Թուրքիային (311 կմ)։ 

Տարածքը՝ 29.743 քառ. կմ։ Հայաստանի մայրաքաղաքն է Երևանը, զբաղեցնում է 300 քառ. կմ տարածք։ Պետական լեզուն հայերենն է։

Հայաստանի Հանրապետությունն ունի 10 վարչական մարզ՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Երևան քաղաքը՝ որպես առանձին վարչական միավոր։ Խոշոր քաղաքներն են՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Արմավիր, Գավառ, Էջմիածին, Իջևան, Հրազդան։

Ամենաբարձր լեռնագագաթն է Արագածը (4094 մետր)։ Սևանա լճի մակերեսը՝ 4.890 քառ. կմ, ծովի մակերևույթից բարձրությունը՝ 1900 մ։

Հեռախոսային կոդը՝ +374

 

Պետական խորհրդանշանները

Հայստանի դրոշը | Գնել տուր դեպի Հայաստան | explorearmenia.am Հայստանի գերբ | Գնել տուր դեպի Հայաստան | explorearmenia.am

 

Բնակչությունը

Բնակչության թիվը կազմում է 2.977 մլն մարդ (2013թ. տվյալներով)։ Հայաստանի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը գրեթե միատարր բնակչություն ունի (98,6%-ը հայեր են)։ Բնակչության 92,6%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։

Հայաստանի ազգային խոշոր փոքրամասնություններից են եզիդները, ռուսները, ասորիները, հույները, հրեաները և այլք։

 

Եղանակը

Եղանակը մայրցամաքային է։ Վառ արտահայտված են տարվա բոլոր եղանակները՝ ցուրտ ձմեռներ և շոգ ամառներ։ Ձմռանն օդի ջերմաստիճանը տատանվում է -12-ից -15-ի (5-10F) սահմաններում, ամռանը լեռնային շրջաններում +25C (77F) է, Արարատյան դաշտավայրում՝ մոտ +35-38C (95-100F)։ Ամենամյա տեղումների քանակը տատանվում է 20-80 սմ-ի (8.31 դյույմ) սահմաններում։

 

Հայաստանի բնական պաշարները

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է, և նրա ընդերքը հարուստ է լեռնահանքերով։ Երկիրն ունի տուֆի, մարմարի, տրավերտինի, օբսիդիանի, պեմզայի և այլ քարատեսակների մեծ պաշարներ, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ մեկ երրորդը։ Դժվար է գտնել երկրորդ մի այսպիսի տարածաշրջան, որտեղ քարատեսակների այսքան առատություն լինի։ Երկրի տարածքում ավելի քան 450 հանքավայր կա, որոնցից արդյունահանվում են ավելի քան 60 տեսակի օգտակար հանածոներ։

Երկիրը հարուստ է նաև պլատինի, ոսկու հանքերով (Սոդք, Մեղրաձոր և այլն), ինչպես նաև թանկարժեք և գունավոր այլ մետաղներով։ Հատուկ արժեք են ներկայացնում մոլիբդենի հանքերը։ Մոլիբդենի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 8%-ը։

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում նաև հանքային ջրերի բազմաթիվ ակունքներով (Ջերմուկ, Դիլիջան, Բջնի, Արզնի և այլն)։ Շատ ակունքներ ունեն բուժիչ հատկություններ։

 

Ազգային արժույթը

Ազգային արժույթն է հայկական դրամը։ 1 դրամը հավասար է 100 լումայի, բայց լուման ներկայում չի օգտագործվում։

Վճարումները կատարվում են միայն ազգային արժույթով՝ դրամով։ Շրջանառության մեջ են գտնվում 1000, 5000, 10.000, 20.000, 50.000, 100.000 անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 դրամանոց մետաղադրամներ։

Արժույթի փոխանակման կետեր կան յուրաքանչյուր քայլափոխի։ Դրանցում ընդունվում են ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի, վրացական լարի։ Անձնագիր ներկայացնելը պարտադիր չէ։ Բանկոմատների հետ կապված խնդիրներ նույնպես չեն ծագում։ Ինչպես արժույթի փոխանակման կետերը, բանկոմատները նույնպես գտնվում են ամեն քայլափոխի։

 

Անվտանգությունը

Հայաստանում ճամփորդելն ավելի անվտանգ է, քան Եվրոպայի զարգացած շատ երկրներում։ Այստեղ չափազանց ցածր է հանցավորության մակարդակը։ Երկրի բնակիչները և հյուրերը կարող են ազատ տեղաշարժվել օրվա ցանկացած ժամի՝ իրենց լիովին անվտանգ զգալով։ Հանցավորություն ամենափոքր չափերով, հասկանալի է՝ կա, բայց մեզ անհայտ ինչ-որ պատճառով այն չի երևում։ Տեղի բնակիչները և զբոսաշրջիկները միշտ իրենց լիակատար անվտանգության մեջ են զգում։

Եթե ձեզ համար չնախատեսված իրավիճակներ են առաջանում, կամ եթե դուք չեք կողմնորոշվում տեղանքում, ապա միշտ կարող եք կանգնեցնել իրավապահ մարմինների ներկայացուցչին կամ պարզապես անցորդին։ Համոզված եղե՛ք. ձեզ կբացատրեն, կօգնեն, կհուշեն կամ իրենք կտանեն ձեզ ուր պետք է։ Երիտասարդները տիրապետում են անգլերենին և ռուսերենին, իսկ ավելի ավագ սերունդը տիրապետում է ռուսերենին։

 

Թեյավճարները

Կան հաստատություններ, որոնք իրենք են հաշվի մեջ մտցնում թեյավճարները, միջինը՝ 5-10%, այդ դեպքում լրացուցիչ թեյավճար թողնելը պարտադիր չէ։ Իսկ մնացած բոլոր դեպքերում ընդունված է հաշվի 5-10%-ի չափով թեյավճար թողնել։