Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Հայկական ազգային խոհանոց

 

Ազգային խոհանոցն ազգային մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայտնի է, որ հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայկական խոհանոցը նույնքան բազմազան է, որքան և Հայաստանն ինքը։ Հայկական շատ կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։ Ավանդականությունը դրսևորվում է և՛ կերակուրների պատրաստման տեխնոլոգիայում, և՛ հնաոճ խոհանոցային սպասքի օգտագործման, և՛ սննդամթերքի տեսականու մեջ։ Կերակուրներ պատրաստելիս օգտագործում են կավե ամաններ, ինչպես նաև հատուկ օջախ՝ թոնիր։ Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է։ Այն օգտագործում են ոչ միայն լավաշ և այլ հացատեսակներ թխելու, այլ նաև ապուրներ պատրաստելու, ձուկ ու թռչուն ապխտելու համար։

Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է

Հայկական խոհանոցը հարուստ է տարբեր բաղադրիչներ և բարդ համահոտային գամմա ունեցող կերակրատեսակներով։ Դա պայմանավորված է նրանով, որ հայկական խոհանոցում օգտագործվող մթերքներն աճում են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում և Արարատյան դաշտավայրում։

Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները մսից տարբեր եղանակներով պատրաստված ուտելիքներն են։ Մսի առատությունը հայկական սեղանին արդյունքն է այն բանի, որ արդի Հայաստանի տարածքում վաղուց զարգացած է եղել անասնաբուծությունը։ Կերակրացանկում օգտագործվում է ոչխարի, տավարի, հորթի, խոզի, ինչպես նաև թռչնի միս։

Տոլմա

Հայկական խոհանոցում լայնորեն օգտագործվում է նաև ձուկը, գլխավորապես իշխանը (ֆորել)։ Իշխանից պատրաստված կերակուրները կզարմացնեն իրենց բազմազանությամբ և համերի հարստությամբ։ Ձուկը խաշում են, շոգեխաշում լավաշի մեջ, պարզապես տապակում, շամփրի քաշում, խորովում ածխի վրա, թխում պերգամենտե թղթի մեջ փաթաթած։ Այն նաև լցոնում են։

Հայկական խոհանոցում լայնորեն օգտագործվում է նաև ձուկը, գլխավորապես իշխանը (ֆորել)

Հայկական խոհանոցում ապուրների պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Ապուրները կամ, ինչպես դրանք այլ կերպ անվանում են՝ առաջին կերակուրները, յուրաքանչյուր խոհանոցի անբաժանելի մասն են։ Դրանք պատրաստում են ինչպես մսի արգանակով, այնպես էլ մածնով։ Օգտագործվում է կանաչեղենի մեծ քանակություն՝ կերակուրներին հատուկ համ հաղորդելու և դրանք զարդարելու համար։

Հայկական ազգային խոհանոցում կարևոր դեր ունի բանջարեղենը։ Եղանակային պայմանները թույլ են տալիս լավ բերք ունենալ։ Բանջարեղենն անպակաս է հայկական սեղանից։ Այն կիրառվում է ինչպես հում, այնպես էլ չորացրած, թթվեցրած և կիսաթթվեցրած վիճակում։ Բանջարեղենը պարտադիր բաղադրիչ է ապուրների և երկրորդ կերակուրների պատրաստման ժամանակ։ Մեծ կիրառություն ունեն կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, սմբուկը, պղպեղը, գազարը, վարունգը, բամիան, դդմիկը, դդումը, լոբին և այլն։ Բանջարեղենով բազմաթիվ կերակրատեսակներ պատրաստվում են մսի և ձկան հետ համադրությամբ։

Հայկական ազգային խոհանոցում կարևոր դեր ունի բանջարեղենը

Հողագործության զարգացումը և բերքատու հովիտների առկայությունը Հայաստանում պայմանավորել են հատիկային մշակաբույսերի լայն տեսականու կիրառությունը։ Ձավարեղենից և ալյուրից պատրաստված կերակուրները կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի բնակիչների կերակրացանկում։ Շատ տարածված է մածնապուրը՝ սպասը։

Մածունը և դրանով պատրաստված կերակուրները բարձր են գնահատվում հայ ժողովրդի կողմից։ Դրանք օգտագործում են նաև որպես առանձին կերակուր, հաճախ մածունն ու կաթնեղենն օգտագործում են որպես համեմունք կամ հիմնական կերակրի հավելում։

Մածունը և դրանով պատրաստված կերակուրները բարձր են գնահատվում հայ ժողովրդի կողմից - սպաս

Հայկական խոհանոցի կերակրացանկում հսկայական տեղ է զբաղեցնում պանիրը։ Այն պարտադիր է հայկական սեղանի համար։ Հայկական պանիրներն աչքի են ընկնում վառ արտահայտված համ ու հոտով։ Զարգացած է ընտանեկան պանրագործությունը, որը կարող է հպարտանալ պանիրների հարուստ տեսականիով։

 Հայկական խոհանոցի կերակրացանկում հսկայական տեղ է զբաղեցնում պանիրը

Հայաստանը հայտնի է նաև չրերով։ Չրերը Հայաստանի ազգային նվաճումն են։ Հայ չրագործները նոր տեխնոլոգիա են մշակել չրերն ավելի համեղ և օգտակար դարձնելու համար։ Դրանք ավելացվում են թխվածքների, քաղցրավենիքների մեջ, մատուցվում նախաճաշի հետ։

Չրերը Հայաստանի ազգային նվաճումն են

Հայկական խոհանոցի առավելություններից են էկոլոգիականությունն ու բնական մթերքները։

Դժվար է գտնել մեկին, ով համեղ ուտել չի սիրում, իսկ կերակուրների համտեսումը ամեն մի ճանապարհորդության անբաժանելի մասն է։ Կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկն իրեն հարմարավետ զգա Հայաստան աշխարհում, իսկ սնունդը լավ հանգստի կարևոր մասն է։

Իշլի-քյուֆտա

Շրջագայություն գնելով Հայաստանում՝ նկատի ունեցեք, որ մեր ընկերությունը հաշվի կառնի ձեր բոլոր ցանկությունները։ Եվ եթե անգամ խոհանոցի հետ կապված նախասիրություններ չունեք, այլ կա միայն ինչ-որ անսովոր բան փորձելու ցանկություն, ապա վստահեք մեզ, և մենք կօգնենք ձեզ ընտրության հարցում։