Էքսկուրսիա դեպի Սևանալիճ - Դիլիջան (Հաղարծին, Գոշավանք)
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 7-8 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Սևանալիճ

Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևանն է: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր: Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Արաքսի վտակ Հրազդանը:
Սևանալիճը գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։
Լիճը կազմված է երկու հատվածից՝ Մեծ Սևան (արևելյան) և Փոքր Սևան (արևմտյան)։ Փոքր Սևանն ավելի խորն է, կտրատված ափերով: Մեծ Սևանի հատակն ավելի հարթ է, ափերն ավելի քիչ են կտրատված, իսկ խորությունը չի գերազանցում 30 մետրը: Սևանի բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։
Ջրի իջեցումից հետո այստեղ հնագիտական պեղումներով հայտնաբերվել են 2000 տարեկան և ավելի հին բազմաթիվ գտածոներ, որոշները վերագրվում են բրոնզի դարին: Այստեղ են գտնվում կիկլոպյան ամրոցներ, գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։ Գտածոների մեծ մասը պահվում է Երևանի թանգարաններում:
Սևանավանք

Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (նախկինում՝ կղզի): Հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։
874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց և Սուրբ Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։
Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։
Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։
1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։
Քաղաք Դիլիջան

Դիլիջան քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Դիլիջանի հիմնադրման տարեթիվը գիտությանը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը ժամանակին Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր:
Հետագայում նույնպես շատ մեծահարուստ հայեր ժամանելով Դիլիջան այստեղ կառուցել են շքեղ ամառանոցներ: Դիլիջանի լանդշաֆտները հիմնականում ծածկված են անտառներով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում կատարյալ հանգստի համար:
Ներկայումս Դիլիջանը ոչ միայն Հայաստանի նշանավոր լեռնային առողջարաններից մեկն է, այլ հավակնում է դառնալ միջազգային կրթական և տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։
Մետաղագործությունը, գորգագործությունը, կերպարվեստը, փայտագրությունը և ժողովրդական մյուս արհեստները դարձել են Դիլիջանի առօրյայի կարևորագույն մասը:
Քաղաքի կենտրոնում պահպանվել են 19-րդ դարին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս:
Հաղարծին վանքային համալիր

Հաղարծին՝ 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում, հիմնականում Բագրատունյաց թագավորության միջոցներով:
Ամենավաղ կառուցվածը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։
Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Վերակառուցվել է 1281-ին: Ճակատները հիմնականում մշակված են «հայկական խորշերով»։ Գմբեթի բարձր թմբուկը պարուրված է դեկորատիվ կամարաշարով։ Մուտքերն ու լուսամուտները չափավոր զարդարված են XIII դ-ին բնորոշ պարզ քիվագոտիներով և խաչերով։ Արևելյան ճակատին կառուցող երկու հոգևորականների պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով: Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել այժմ ամբողջովին ավերված ժամատունը:
Սեղանատունը կառուցվել է 1248-ին, որը Հայաստանի նմանօրինակ երկու կառույցներից մեկն է (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է՝ զույգ սյուներով բաժանված երկու հավասար, երդիկավոր մասերի: Ներսում միակ հարդարանքը շթաքարե երդիկներն են, իսկ ներքին պարագծով ձգվում է քարե նստարանը:
Հաղարծինի վանքը հայկական ճարտարապետական կառույցների՝ շրջակա բնության հետ ներդաշնակության լավագույն օրինակներից է:
Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք

Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին:
1188 թվականին հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջինը ստեղծված եկեղեցին է, կառուցված 1191-1196 թվականներին: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով: Արտաքին ճարտարապետությունը պարզ է:
Գոշավանքում XIII դարում գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, այստեղ ընդօրինակել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը: Գրատուն-զանգակատան կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար:
Գոշավանքի զարդն է կազմում 1291 թվականին կերտած, Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ պատվանդանի վրա կանգնեցված խաչքարը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն է կրում:
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
46000 դրամ | 63000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
69000 դրամ | 86000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)