Էքսկուրսիա դեպի Ախթալա - Հաղպատ - Սանահին - Օձուն
Տևողությունը
Էքսկուրսիաների տևողությունը 11 ժամ է՝ չհաշված ճաշի համար նախատեսված կանգառը (ըստ ցանկության, արժեքի մեջ ներառված չէ)
Ուղևորության ամսաթիվը
Ուղևորության համար կարող եք ընտրել Ձեզ հարմար ցանկացած օր: Էքսկուրսիաները կազմակերպվում են ամբողջ տարվա ընթացքում
Վճարումը
Մենք կանխավճար չունենք: Էքսկուրսիայի համար կարող եք վճարել մեկնարկից առաջ: Մուտքի տոմսերը վճարում եք ինքնուրույն:
Մեկնարկի վայրը
Մեր աշխատակիցները կդիմավորեն ձեր նշված բնակության վայրում, իսկ էքսկուրսիայի ավարտին՝ կվերադառնաք մեկնարկի կետ:
Ախթալայի վանական համալիր

Ախթալայի վանական համալիրը (10-րդ դար) գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Ախթալան Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։
Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են 13-րդ դարում, իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։
Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը): Պահպանվել են նաև Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։
Հաղպատի վանք

Հաղպատի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոնն էր: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Վանքի տարածքում գերիշխող դիրք է գրավում Սուրբ Նշան եկեղեցին, որը հիմնադրվել է 976 թվականին: Այն պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով:
Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից են Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210-1225) և սեղանատունը (1220-ական թվականներ):
Հաղպատի վանքում վավերագրվել և վերծանվել է 10-18-րդ դարերի մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների մասին:
Հաղպատում են գրվել, ընդօրինակվել և ծաղկվել բազմաթիվ ձեռագրեր: Մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից և առավել նշանավորը «Հաղպատի Ավետարանն» է, որը ներկայումս պահվում է Մատենադարանում:
Սանահինի վանքային համալիր

Սանահինի վանքային համալիրը Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Հնագույնը Սուրբ Աստվածածին եկեղեցին է (10-րդ դար)։ Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի վաղագույն օրինակներից է:
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համալիրի գլխավոր և ամենամեծ շինությունն է, որի պատերը ծածկված են եղել որմնանկարներով (պահպանվել են աննշան հետքեր): Եկեղեցու ճակատի վերևում տեղադրված է մի խորաքանդակ. Կյուրիկեն ու Սմբատը ողջ հասակով դեմ-հանդիման կանգնած են, ձեռքերին՝ եկեղեցու մանրակերտը: Այս խորաքանդակը նշանավոր երևույթ է դարձել հայ միջնադարյան մոնումենտալ արվեստում և նախադեպ հանդիսացել հետագա նմանատիպ քանդակների համար (Հաղպատ, Անի և այլն):
Ավանդաբար պատմվում է, որ ճեմարանի (հավանաբար 11-րդ դար) ներկայիս տարածքն այն սրահն է, որտեղ երկու կողմի վրա շարված քարե նստարաններին բազմած ուսանողների համար Գրիգոր Մագիստրոսը կարդացել է իր դասախոսությունները։ Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլն:
Գրատունը հայկական գրատների մեջ հնագույնն է և իր հատակագծային չափերով ամենամեծը։ Այն հռչակվել է ձեռագրական հարուստ ժողովածուով․ այստեղ ձեռագիր գրքերի հետ միասին պահվել են նաև վանքի թանկարժեք առարկաները։ Այդ է պատճառը, որ գրատան շենքը կոչվել է նաև Նշխարատուն։
Վանքի զանգակատունն (13-րդ դար) այդ տիպի վաղագույն նմուշներից է:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ գտնվում է Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Այն կառուցվել է տեղական բաց շագանակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով:
Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը։ Ունի ուղղանկյուն հատակագիծ: Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։
Եկեղեցու շուրջ է գտնվում գերեզմանատունը, որտեղ կան 13-20-րդ դդ. բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր։
Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել
Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը
(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)
Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
66000 դրամ | 88000 դրամ | ըստ հարցման |
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի | 4-6 հոգի. | 7-ից ավելի |
92000 դրամ | 114000 դրամ | ըստ հարցման |
Ի՞նչ է ներառված էքսկուրսիայի արժեքի մեջ
Էքսկուրսիայի արժեքը չի ներառում
Եթե Հայաստանում էքսկուրսիաների կազմակերպման հետ կապված դեռ հարցեր մնացին, ապա մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
Հեռախոս:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)