Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Ծաղկաձորն ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում է

Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ ամենամատչելի և հայտնի լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում, հայտնում է novostink.ru-ն:

Travel.ru-ի կազմած լավագույն հանգստավայրերի տասնյակում Ծաղկաձորը երրորդն է ղրղըզական Կարակոլից և բելառուսական Լոգոյսկից հետո:

Ծաղկաձորում հանգստի համար բյուջեն գնահատվել է օրական 50 դոլար և հաշվարկվել է մեկ մեծահասակի համար: Դրա մեջ մտել է ճոպանուղուց 15 կմ շառավղով երկու կամ երեքաստղանի հյուրանոցում բնակվելը, սրճարանում ընթրիքի արժեքը և սքի-պասը (ճոպանուղուց օգտվելու թույլտվությունը) մեկ օրվա համար:

Ծաղկաձորը հայտնվել է նաև Forbes-ի կազմած 15 լավագույն հետխորհրդային լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում: «Հայաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է գեղեցիկ հովտում՝ Թեղենիս լեռան ստորոտին: Հանգստավայրը հարմար է գրեթե ցանկացած մակարդակի դահուկորդների համար»,- գրում է հրատարակությունը` նշելով, որ դահուկային սեզոնը ձգվում է դեկտեմբերից մինչև մարտ, դահուկային ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 7200 մ, սարքավորված է ավելի քան 50 ճանապարհ, ամենաերկարը՝ 8 կմ: Դահուկից բացի, հասանելի են նաև ձնագնացները, հելի-սքին Արագածից (ձնագնացներով բարձրանալը), մոտակայքում գտնվում են Սևանը և տաք աղբյուրները, գրում է Forbes-ը: