Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հայաստանը World Travel Awards-2021-ում ներկայացված է երկու անվանակարգով․ նոր հնարավորություն՝ միջազգային շուկայում ճանաչելի դառնալու

«Համաշախարհային ժառանգության առաջատար վայր» և «Աշխարհի առաջատար ճոպանուղի»․այս անվանակարգերում է Հայաստանը ներկայացված World Travel Awards-2021 մրցանակաբաշխությանը։ Երկրորդ անվանակարգում ներկայացված է «Տաթևեր» ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի՝ առանց կանգառի։ Երկու անվանակարգում ներկայացված լինելը շատ է կարևորում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը․

«Այս անվանակարգերը լայն հնարավորություն են ստեղծում երկիրը ճանաչելի դարձնելու համար, որովհետև տարբեր երկրներ հետևում են, թե որ երկիրը ինչ անվանակարգերում է ներկայացված և ինչով է հետաքրքիր։ Այսպիսով, Հայաստանն այս տարի հնարավորություն ունի միանգամից երկու տեսանկյունից հետաքրքիր դիտարկվելու»,-ասում է Գայանե Այվազյանը։

Մրցանակաբաշխությունը՝ World Travel Awards-ը հիմնադրվել է 1993-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։ Հիմնադիրը «World Media & Events» կազմակերպությունն է, որի հետ Հայաստանն ամիսներ առաջ կնքել է համագործակցության պայմանագիր։ Պայմանագիրը կնքել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, որն ավելի վաղ հայտնել էր, թե համագործակցության նպատակը Հայաստանում ներքին զբոսաշրջության զարգացումն ու համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանի դիրքի բարելավումն է։ Ամրապնդել զբոսաշրջության և հարակից ոլորտների մասնագիտական համայնքի միասնականությունը, բարելավել զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագիտությունների և աշխատատեղերի իմիջը, զարգացնել ոլորտի մասնագետների մասնագիտական որակները և հմտությունները․ այս հարցերի ուղղությամբ է գործելու հիմնադրամը։ Հիմնադրամի ջանքերով էր հունիսին Հայաստան այցելել orld Tourism Awards-ի հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուկը։ «Որևէ անվանակարգում հաղթող ճանաչվելը չենք բացառում, բայց միայն ներկայացված լինելն արդեն ձեռբերում է»,- ասում է Գայանե Այվազյանը․

«Այս մրցանակաբաշխությունը հնարավորություն է Հայաստանը միջազգային շուկայում ավելի հետաքրքիր ու ճանաչելի դարձնելու։ Մրցույթից հետո հնարավորություն ունենք դիրքավորելու Հայաստանը նորովի՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մասնակցելու մի շարք մարքեթինգային արշավների ու օտարկերացի զբոսաշրջիկի համար ավելի գրավիչ դառնալու»,-նշում է Գայանե Այվազյանը։

Հայաստանն այսօր էլ է գրավում զբոսաշրջիկներին։ Չնայած համավարակին, վերջին կես տարում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ, ինչը վատ ցուցանիշ չէ, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ Այս մրցանաբաշխությունը հավելյալ հնարավորություն է։ Երկու անվանակարգերում Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է այցելել https://www.worldtravelawards.com կայք։  Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 25-ը։