Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Էմիր Կուստուրիցան ժամանել է Երևան

Հանրահայտ ռեժիսոր էմիր Կուստուրիցան ժամանեց Երևան: NEWS. am STYLE-ը հայտնի ռեժիսորին հայկական կոնյակ նվիրեց: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ է նշանակում նրա համար Հայաստան ժամանել Ցեղասպանության 100-ամյակին:

«Ինձ համար շատ կարևոր է հիմա Հայաստանում գտնվել: Դուք գիտեք, որ երբ ես Թուրքիայում էի, ես այնտեղ խոսակցությունների առիթ տվեցի այն բանից հետո, երբ ասացի նրանց, որ եթե թուրքերն այդքան զգայուն են ցեղասպանությունների նկատմամբ, այդ դեպքում ինչու չեն խոսում Հայոց ցեղասպանությունից: Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ես կցանկանայի, որ աշխարհի բոլոր երկրներն այդպես վարվեին, սակայն ցավոք, աշխարհում այլ օրենքներ են իշխում»,- ասել է ռեժիսորը:

Այնուհետև պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էմիր Կուստուրիցան նշել է, որ իրեն հուզում է այն ամենն, ինչ այս պահին կատարվում է աշխարհում: «Ես մտահոգված եմ այն ամենով, ինչ այս պահին կատարվում է աշխարհում: Հիմա ես այստեղ եմ, և Հայոց ցեղասպանությունից բացի, մենք կարող ենք խոսել հիմա տեղի ունեցող ցեղասպանությունների մասին: Տարօրինակ է, որ դրանք կանխելու համար լուրջ քայլեր չեն ձեռնարկվում: Հումանիզմն ու ժողովրդավարությունը, որը քարոզում է Արևմուտքը, տարօրինակ գույն ունեն:

Ես հիշում եմ Բելգրադի ռմբակոծությունը: Դա նույնպես «մարդասիրական» նպատակով էր արվում: Եվրոպայում տեղի ունեցող պայթյուններն ինձ նույնպես հուզում են: Ինչո՞ւ են նրանք իրենց պայթեցնում Եվրոպայում, այլ ոչ թե ասենք Սաուդյան Արաբիայում:

Քրիստոնեական մշակույթը, և խոսքը քրիստոնեության մասին չէ, որպես կրոնի, ոչնչացման եզրին է գտնվում: Դա ինձ հաստատ դուր չի գալիս: Ես հումանիստ եմ, և ինձ թվում է, որ այս աշխարհում պակասում է հենց մարդասիրությունը: Այն կա, բայց մակերեսային բնույթ է կրում », - ասել է ռեժիսորը: