Հայաստանն ահաբեկչության առումով ամենից անվտանգ երկրների ցանկում է
Լոնդոնի Էկոնոմիկայի և խաղաղության հրապարակած (The Institute for Economics and Peace) «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցի համաձայն, Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենից անվտանգ երկրների շարքում է:
162 պետություններից կազմված վարկանիշում, որտեղ առաջին տեղում ահաբեկչության տեսանկյունից ամենավտանգավոր երկիր է, իսկ վերջին տեղում՝ ամենից անվտանգը, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:
Զեկույցի համաձայն, Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ իսլամականների դեմ պայքարին:
Հայաստանի հարևանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ և 71-րդ տեղերը: Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է:
Զեկույցում նշվում է, որ ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը կենտրոնացած է 5 պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում և Սիրիայում: Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան և Թայլանդը:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում 67 երկիր է եղել, որտեղ ահաբեկչության հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել: Դա 8-ով ավելի է նախորդող տարվանից, ներառյալ՝ այնպիսի զարգացած պետություններ, ինչպիսիք են Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան և Ֆրանսիան: