Երեւանը ԱՊՀ տարածքում զբոսաշրջային ամենահանրահայտ ուղղությունների լավագույն հնգյակում է
Travel.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե 2015 թ. ԱՊՀ երկրներում որ ուղղություններին են նախապատվություն տվել ռուս զբոսաշրջիկները։ Վարկանիշը կազմված է ԱՊՀ հյուրանոցներում այս տարվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների արած նախնական պատվերների տվյալներով։ Խոսքն այն զբոսաշրջիկների մասին է, ովքեր ճամփորդել են որպես անհատներ։
Ռուսաստանի քաղաքացիների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ԱՊՀ քաղաքների լավագույն տասնյակում են Մինսկը, Կիեւը, Ալմա աթան, Բաքուն, Երեւանը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեքը, Թաշքենդն ու Քիշնեւը։
Ռուս զբոսաշրջիկների շրջանում հաջողություն վայելող ԱՊՀ քաղաքների առաջին քսանյակում են նաեւ բելառուսական Բրեստ, Գրոդնո ու Գոմել, ուկրաինական ՝ Լվով, Օդեսա ու Խարկով, ղազախստանյան Ակտաու ու Ակտոբե քաղաքները, նաեւ Թուրքմենիայի մայրաքաղաք Աշխաբադը ու Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն։
Ռուս զբոսաշրջիկների կողմից՝ ԱՊՀ ամենասիրված երկրների հնգյակը ղեկավարում է Բելառուսը, որին բաժին է է հասնում բոլոր ուղեւորությունների 37 տոկոսը։ Ուկրաինային՝ 22 տոկոսը, Ղազախստանին ՝ 16 տոկոսը, Ադրբեջանին՝ 9 տոկոսը, Հայաստանին՝ 7 տոկոսը։ ԱՊՀ մնացած երկրներին բաժին է ընկնում 10 տոկոսից էլ քիչ։
Travel.ru տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան կատարած ուղեւորությունների օնլայն ամրագրումների թիվը անցած տարվա համեմատ մեկ երրորդով աճել է։ Ռուս զբոսաշրջիկներն այս տարի Հայաստանում անց են կացրել միջինը 3.5 օր եւ հյուրանոցում ծախսել են օրական 65 դոլար։
Համեմատության համար ասենք, որ Բաքվում զբոսաշրջիկները հյուրանոցում ծախսում են օրական միջինը 78, Կիեւում ՝ 87, իսկ Ալմաթայում ՝ 87 դոլար։ ԱՊՀ–ում ամենաէժան մայրաքաղաքը Բիշքեքն է (օրական 30 դոլար), իսկ ամենաթանկը ՝ Աստանան (օրական 115 դոլար)։
Ամառային սեզոնի արդյունքներով ՝ ռուս զբոսաշրջիկների համար Սեւանը հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների ամենասիրված հանգստավայրերի շարքում։
ԱՊՀ ամենասիրված հանգստավայրերի լավագույն հնգյակում են Իսըկ Կուլյ լիճը ՝ (Ղրղզստան), Նարոչ լիճը (Բելառուս), Բորովոեն (Ղազախստան), Նաբրանը (Ադրբեջան) ու Սեւանը (Հայաստան)։