Ամերիկյան հանրահայտ կատակերգու և հեռուստավարող Քոնան Օ’ Բրայենը Հայաստանում է
Դժվար է հավատալ, բայց դա ճիշտ է. ամերիկյան հանրահայտ կատակերգու և հեռուստավարող Քոնան Օ’Բրայենը ժամանել է Հայաստան՝ նկարահանելու իր շոուն, որը եթերում կցուցադրվի նոյեմբերի 10-ին:
Երեկ ուշ երեկոյան Facebook-ը պարզապես «պայթեց» այդ նորությունից. կատակերգուն հրապարակել էր մի լուսանկար, որում ինքը և իր օգնական Սոնա Մովսեսյանը Գառնիի մոտ են լուսանկարված:
«Իմ օգնական Սոնային Հայաստան եմ բերել: Պետք է կամ Հայաստան բերեի, կամ էլ աշխատավարձը բարձրացնեի»,- լուսանկարի տակ գրել է Քոնանը:
Մենք որոշեցինք ճշտել մանրամասները ու պարզվեց, որ սա ոչ միայն Քոնանի, այլև նրա օգնականի առաջին այցելությունն է Հայաստան (Ի դեպ, Քոնանն իր շոուի դրվագներից մեկն արդեն նկարահանել էր ԱՄՆ-ից դուրս, կատակերգուն առաջին ամերիկացին է, ով իր շոուն Կուբայում է նկարահանել)
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր բոսի պարտականությունն է իր օգնականին տանել նրա հայրենիք: Դրա համար էլ, երբ իմ հաջորդ օգնականին ընտրեմ, նախ կհամոզվեմ, որ նա Տոսկանայի հինգաստղանի հյուրանոցից է»,- կատակել է Քոնանը:
Հայտնի է նաև, որ Քոնանը Հայաստան է ժամանել կիրակի:
Իսկ Սոնան իր միկրոբլոգում գրել է հետևյալը: «Ես ու իմ բոսը իսկապես սյուրռեալիստական շաբաթ անցկացրեցինք Հայաստանում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եք տեսնելու մեր արկածները»: