Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Դեռ չվերադարձած՝ արդեն հարցումներ են ստացվում. տուրօպերատորները մեծ ոգևորությամբ են եկել ՌԴ-ից

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մարտի 16-18-ը անցկացված MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները լավ արդյունքներով են վերադարձել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը նշեց, որ մասնակցում էին բավական ներկայացուցչական կազմով: Զբոսաշրջության կոմիտեն, մեկ միասնական տաղավարով, մասնակցել է 20 զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

«Հանդիպումներ ունեցանք Ռուսաստանի պետական հատվածի ներկայացուցիչների հետ: Մեր տաղավար այցելեց Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան: Առանձին հանդիպումնր եղան նաև ցուցահանդեսին ներկայացված այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում հիմնականում բարձրաձայնվել են հարցեր՝ ավիաչվերթների վերականգնման հետ կապված, խոսել ենք նոր համագործակցության մասին: Ասեմ, որ մեծ աջակցություն ստացանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության կողմից»,- նշեց Անի Արևշատյանը:

Հայաստանն այն երկրներից էր, որոնք ցուցահանդեսին մասնակցում էին ամենաշատ տուրիստական կազմակերպություններով:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսին գնում էին մասնակցելու ոչ շատ մեծ ակնկալիքներով: Սկզբում թվում էր, թե պարզապես շեշտադրումը լինելու է Հայաստանի իմիջային հարցերի վրա, սակայն այնտեղ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն այնպիսն էր, որ տպավորություններն ամբողջապես փոխվեցին:

«Ստացվեց լրիվ հակառակը, իսկապես շատ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տաղավարի նկատմամբ: Ռուսաստանի համարյա բոլոր մարզերից ունեցել ենք հարցումներ: Վերադարձի ճանապարհին՝ դեռ Հայաստան չհասած, արդեն հարցումներ էինք ստանում, ինչը շատ ուրախալի է: Կարծում եմ, հաջողելու ենք»,- ասաց Անահիտ Այվազյանը: Հետաքրքրությունները եղել են թե անհատական, թե խմբային, թե էքստրեմալ, թե կորպորատիվ տուրերի նկատմամբ:

 Այն ոգևորությունը, այն ակտիվությունը, որ կար Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի նկատմամբ, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանի խոսքով, անսպասելի էր: Կայացել են մեծ թվով հանդիպումներ ինչպես արդեն իսկ ունեցած գործընկերների հետ, այնպես էլ՝ նոր:

«Ասեմ, որ շատերը տեղեկացված չէին, որ Հայաստանը հիմնականում բաց է զբոսաշրջության համար, գործում են չվերթներ: Մեր հիմնական աշխատանքը, հատկապես առաջին օրերին, իրազեկումն էր: Վերաբերմունքը շատ դրական էր, ավելին, քան սպասում էինք: Մեզ զգացել ենք շատ անվտանգ, և դա նաև շնորհիվ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության»,- ասաց Եղիշե Թանաշյանն՝ ընդգծելով, որ ռուսական տուրիստական շուկայի աշխարհագրությունը պետք է ընդլայնել:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանը Մոսկվայի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը բավական մոտիվացնող է համարում: Նրա խոսքով, համավարակով պայմանավորված, տևական ժամանակ առիթ չեն ունեցել իրենց գործով զբաղվելու, հիմա լավ առիթ էր զբոսաշրջային փաթեթներ ներկայացնելու: Թե անհատների, թե տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների այցելությունների պակաս Հայաստանի տաղավարը չի ունեցել:

«Հիմնական խնդիրը, որն անընդհատ նշվում էր ռուսաստանցիների կողմից, ավիատոմսերի գինն էր: Նախաքովիդյան ժամանակաշրջանում հնարավորություն կար երկկողմանի ավիատոմսը ձեռք բերել 60-80 հազար դրամի սահմաններում: Քանի որ ամբողջ ծավալով ավիահաղարդակցությունը դեռ չի վերականգնվել, մենք ներկայում չենք կարող ունենալ այդ գնային առաջարկները»,-ասաց Գագիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ կառավարությունն ակտիվ լինի իրազեկման աշխատանքներում, ճիշտ համակարգում իրականացնի:  

Անի Արևշատյանը տեղեկացրեց, որ տարբեր շուկաներում Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքները սկսվել են: Թիրախում ոչ միայն Ռուսաստանն է, այլև արաբական երկրները: Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա, ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ նաև տարածարջանային այլ օդանավակայաններից: Դրանից բացի, Ռուսաստանը բացվել է մի քանի այլ երկրների համար, մասնավորապես, չվերթները կվերականգնվեն Գերմանիայի, Շրի Լանկայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համար: Դա կազդի ավիատոսմերի գների իրացման վրա: