Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Ութ երևույթ, որ կզարմացնի Երևան այցելող ցանկացած զբոսաշրջիկի

Ութ երևույթ, որ կզարմացնի Երևան այցելող ցանկացած զբոսաշրջիկիԱյսօր Երևան այցելած զբոսաշրջիկը հանգիստ կարող է իրեն թույլ տալ և, օրինակ, քաղաքի կենտրոնում զբոսնելիս ոչ մի անգամ ջուր չգնել խանութից

Երևանցիներիս համար սովորական դարձած երևույթները, մարդիկ, կենցաղն ու սովորույթները երբեմն այնքան են զարմացնում օտարերկրյա զբոսաշրջիկներին, որ նրանք Երևանում գտնվելու ընթացքում չեն զլանում և ամեն անգամ նոր մարդու հետ ծանոթանալիս փորձում են իրենց հուզող հարցերին նոր պատասխաններ գտնել: Բայց ավաղ կամ բարեբախտաբար հարցեր կան, որոնք պատասխան չունեն, կամ այդ պատասխանը մեկն է ու այնքան սպառիչ, որ երբեմն իր պարզությամբ նույնիսկ հիասթափեցնում է օտարերկրացուն:

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Ժամանակին Թամանյանը Երևանի հատակագիծը նախագծելիս ստիպված է եղել անընդհատ ջուր գնել կժով ջուր վաճառող տղաներից, ու ասում են, որ դա է պատճառ դարձել, որ նախագծում ավելացել են կապույտ կետերը: Այսօր Երևան այցելած զբոսաշրջիկը հանգիստ կարող է իրեն թույլ տալ և, օրինակ, քաղաքի կենտրոնում զբոսնելիս ոչ մի անգամ ջուր չգնել խանութից: Իհարկե, կա մի շատ կարևոր հանգամանք՝ զբոսաշրջիկին նախ պետք է համոզել, որ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող սառնորակ ցայտաղբյուրների ջուրը մաքուր է և բոլորովին անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն՝ Երևանում գործող երթուղային տաքսիներն ու ավտոբուսները հազար ու մի տհաճ կողմեր ունեն, բայց արի ու տես, որ օտարերկրացուն նախ զարմացնում է դրանց առատությունը, հետո զարմացնում այն, որ մարդիկ իրենց տեղը զիջում են մյուսին, և ամենակարևորը՝ օտարերկրացու համար գրեթե հրաշքի է հավասար այն, որ մարդիկ գումարը խնդրում են փոխանցել վարորդին, և այդ գումարը հերիք չէ՝ բարեհաջող հասնում է վարորդին, դեռ ավելին՝ մանրը նույն բարեհաջող ավարտով վերադառնում է հասցեատիրոջը: Զբոսաշրջիկները զարմանում են, որ Երևանում անչափ շատ են տաքսի ծառայությունները, և դրանց գներն անչափ մատչելի են օտարերկրացիների համար։ Եվ հետո նրանք սովոր են, որ իրենց երկրներում տաքսիների հաշվիչն անընդհատ պտտվում է` անտեսելով խցանումներն ու պարտադրված կանգառները, և վերջում վճարում են ոչ թե անցած ճանապարհի, այլ մեքենայի մեջ անցկացրած ժամանակի համար։ Այնպես որ հասկանալի է դառնում, թե ինչու են տաքսու մեջ գտնվող զբոսաշրջիկներն այդքան զարմացած։

Հարբածների բացակայություն

Զբոսաշրջիկների մասին խոսելիս պետք է հիշել, որ զբոսաշրջիկն էլ իր առանձնահատկություններն ունի, և կան երևույթներ, որոնք կարող են զարմացնել հետխորհրդային երկրից ժամանած մարդուն ու միաժամանակ անտարբեր թողնել եվրոպացուն: Բայց փաստ է, որ Երևանում գրեթե անհնար է տեսնել հարբած ու ճոճվող, դիմացիններին իրենց խանդավառությամբ գերելու փորձ անող մարդկանց: Արտասահմանցիները զարմանում են, որ փողոցով քայլող երիտասարդների ձեռքին անգամ գարեջրի շիշ չկա:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության բոլոր զբոսաշրջիկներին զարմացնում է մեր մետրոյի մաքրությունը: Աշխարհի ամենամեծ մետրոյից օգտվող նյույորքցին դժվարությամբ է աչքերին հավատում, որ աշխարհի ամենափոքր մետրոն այսքան մաքուր է: Ու երևի երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մեր մետրոյի ոչ մի կայարանում աղբաման չկա, չկան ցուցանակներ, որոնց վրա գրված կլիներ «չկեղտոտել» կամ «մաքուր պահել»: Առանց այդ ցուցանակների էլ ոչ մի երևանցի իրենց թույլ չի տալիս մետրոյում աղբ նետել կամ նույնիսկ ծխել:

Ապահով ու հանգիստ գիշեր

Գիշերվա ուշ ժամերին երևանյան փողոցով քայլող մարդկանց շարքում շատ են հատկապես ժպտացող արտասահմանցիները: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերվա ցանկացած ժամի կարելի է դուրս գալ փողոց ու պարզապես քայլել՝ առանց վախենալու որևէ վտանգից, առանց վախենալու, որ բաց խանութ չեն գտնի: Հատկապես եվրոպացիներին անչափ զարմացնում է այն, որ քաղաքի կենտրոնում տեղակայված խանութներն ու սպասարկման շատ կետեր աշխատում են 24-ժամյա ռեժիմով:

Ասիայի և Եվրոպայի խաչմերուկի անունը Երևան է

Վերջին տասնամյակներում Երևանում նոր շինությունների պակաս չզգացվեց, քաղաքում աներևակայելի արագությամբ ավելացան նոր ու ժամանակակից բնակելի շենքերը, հաստատությունները, խանութներն ու սրճարանները: Ու օտարերկրացիներին անչափ զարմացնում է այն, որ քաղաքի կենտրոնում գտնվող շլացուցիչ ցուցափեղկերով խանութների, ռեստորանների կողքին, տարվա մեջ մի քանի անգամ ասֆալտով պատվող փողոցներից քիչ այն կողմ, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա փոշոտ բակերում հանգիստ ապրում են ասիական բարքերն ու ավանդույթները՝ նարդի խաղացող տղամարդկանցով ու բուրդ չփխող կանանցով:

Վարսահարդարից ու ատամնաբույժից փաստորեն կարելի է չվախենալ

Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը տարին մեկ անգամ հայրենիք են գալիս իրենց առաջ դրած մեկ նպատակով՝ «վերանորոգել» ատամնաշարը: Սա թերևս կարելի է զբոսաշրջությունը խթանող հավելյալ գործոն համարել, որովհետև այսօր հայերից բացի, շատ ու շատ արտասահմանցիներ՝ զարմացած Հայաստանում գործող ատամնաբուժական ծառայությունների գներից ու որակից, մեր երկիր են այցելում նաև հենց այդ ծառայություններից օգտվելու նպատակով: Ու այստեղ անցկացրած ժամանակահատվածում նրանք գրեթե օրումեջ այցելում են գեղեցկության կենտրոններ, կարգի բերում իրենց վարսերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով ու ժեստերով հասկացնում, որ դրանք այստեղ «ջրի գին» ունեն:

Հայի դուռը միշտ բաց է հյուրի համար

Եվրոպացու համար առաջին հայացքից վայրի ու անընդունելի է թվում անծանոթ մեկին հյուր գնալու առաջարկը, առավել ևս, որ այդ մեկը ոչ հարազատ է, ոչ բարեկամ, այլ, ասենք, ինքնաթիռում ծանոթացած ծանոթի ծանոթը: Տա՛ր եվրոպացուն այդ ծանոթի ծանոթի տուն և տե՛ս, թե ինչպես է զարմանում օտարերկրյա զբոսաշրջիկը այն ողջ ընթացքում, քանի դեռ նա հայի հյուրն է, որովհետև րոպեների ընթացքում նրա դիմաց սեղան է փռվում, հավաքվում են ընտանիքի անդամները, զրնգում են կենացներն, ու սկսվում է ավանդական «մի հատ սրանից էլ կեր, թե չէ կնեղանամ» խորագրով հայկական հյուրընկալությունը: Եվ հայի համար լրիվ միևնույն է՝ հյուրը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիկ է, թե հատուկ սննդակարգով է սնվում. դու նրա հյուրն ես, և վերջ:

Բարո՛վ եկաք Երևան:

Արմինե Ալեքսանյան, sputnikarmenia.ru