Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

«France 2» ալիքը պատմել է հայաստանյան խոհանոցի առանձնահատկությունների մասին

Ֆրանսիական հանրային «France 2» հեռուստաալիքը դեկտեմբերի 17-ի նորությունների թողարկման ժամանակ հայաստանյան խոհանոցի առանձնահատկությունների մասին ռեպորտաժ է ցուցադրել: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Ֆրանսիական նկարահանող խումբն այցելել է Սևանի ափին բնակվող Մկրտչյանների ընտանիք, որը պատրաստվում է Ամանորին: Ընտանիքում ամեն մեկն իր հատուկ դերն ունի, պատմում են թղթակիցները:

«Մենք հայկական խոհանոցի գաղտնիքները սովորեցնում ենք մեր դուստրերին ու հարսներին: Նրանք կպահպանեն ավանդույթները, երբ մենք հեռանանք»,-ասել է ընտանիքի մայրը:
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում իդեալական է այն սեղանը, որտեղ տեղ չկա. «Տոնական ուտեստների պատրաստումն սկսվում է վաղ առավոտից: Տատիկները հաց են թխում, իսկ տղամարդիկ խորոված են անում»:

«Երբ երիտասարդ կանայք պատրաստվում են ամուսնանալ, նրանք պիտի սովորեն 60 տարբեր բաներ անել՝ սեղան գցել, ուտելիք պատրաստել, գործել և այլն»,-ասել է Արթիկ Մկրտչյանը: