Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

IRC հեղինակավոր գործակալությունը զբաղվում է Հայաստանի և Արցախի երեք տեսարժան վայրերի առաջխաղացմամբ

ՆորավանքՄշակութային ժառանգության ոլորտում գործող International Ratings Center (IRC) համաշխարհային վարկանշային գործակալությունը զբաղվում է Հայաստանի և Ղարաբաղի մշակութային օբյեկտների առաջխաղացմամբ, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց IRC–ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռաբինովիչը:

«Գառնիում Միհրի տաճարը, Նորավանք վանական համալիրը և Գանձասարը ներառվել են մեր Կարմիր գրքում: Մենք զբաղվում են դրանց առաջխաղացմամբ` զբոսաշրջության, ներդրումների, վերականգնման առումով», - ասաց Ռաբինովիչը:

Միհրի տաճարը հելլենիստական ճարտարապետության ամբողջական պահպանված միակ օրինակն է Հայաստանում։ Ավերվել է 1679 թ.–ին երկրաշարժից պարսպապատերի հետ միաժամանակ։ Վերակառուցումը սկսվել է 1949 թ.–ին։ Տաճարը նվիրված է եղել Միհրի` Մերձավոր Արևելքում, իսկ նախաքրիստոնեական ուշ շրջանում՝ նաև Հռոմեական կայսրության գլխավոր աստծո պաշտամունքին։ Միհրը հունարեն Հելիոս բառի համարժեքն է, որ նշանակում է արև կամ արևի աստված և նույնանում է վաղ վեդայական Միտրե կամ պարսկական Միհր/Մեհրե աստվածների անվան հետ։

Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։

Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախիում` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։

Հոգևոր ժառանգության տարածքների վարկանիշը մշակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և կառույցի արժեքային սկզբունքների հիման վրա: