Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Թեհրան–Երևան տրանզիտ. ժամանման վայրը` Թբիլիսի

Այսօրվանից Իրանի քաղաքացիները կարող են Վրաստան մեկնել առանց վիզայի։ Sputnik Արմենիայի թղթակիցը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչու են իրանցի զբոսաշրջիկները ընտրում Հայաստանը և որոնք են տարածաշրջանային զբոսաշրջության առավելությունները։

Միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը միշտ էլ եղել է մեր երկրի պետական քաղաքականության հիմնական խնդիրը։ Ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի հետ մենք ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ։ Տվյալ պահին մենք երկու հարևան երկրի հետ ակտիվ համագործակցում ենք բարձր մակարդակով։

Զբոսաշրջության ոլորտում կա մի այսպիսի հասկացություն` «տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք», երբ զբոսաշրջիկը, ժամանելով տարածաշրջան, այցելում է մի քանի երկիր։ Դա վերաբերում է ոչ միայն Իրանից, այլև մյուս երկրներից ժամանող զբոսաշրջիկներին։

Այսօր մենք այդ արդյունքով ներկայանում ենք միջազգային շուկայում, ինչը մեզ ավելի մրցունակ է դարձնում։ Իրանական շուկայի համար ձևավորվում են Հայաստան-Վրաստան փաթեթներ, որոնցով իրանցիները կարող են այցելել այդ երկու երկիր։ Այդ ամենը եղել է, կա և կլինի` անկախ զարգացման քաղաքական միտումներից։

Մինչև վիզայի ազատականացումը, Իրանից կանոնավոր այցելություններ են կատարվել ինչպես Հայաստան, այնպես էլ` Վրաստան։ Նույնիսկ Վրաստանի և Իրանի միջև ավիաչվերթի առկայության շրջանում իրանցի զբոսաշրջիկները տուն էին վերադառնում Հայաստանի տարածքով։

Այսօրվա դրությամբ Հայաստանը քննարկում է Իրանի և Վրաստանի հետ արդի հարցերը, որոնք ուղղված են տարածաշրջանում զբոսաշրջային այցելությունների միասնական արդյունք ստանալուն։

Վերջին երկու տարում դրա հետ կապված գումարվել են աշխատանքային խմբերի նիստեր ինչպես Իրանում, այնպես էլ` Հայաստանում։ Իրանի և Հայաստանի միջև արդեն փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է ակտիվացնել զբոսաշրջային այցելությունները, Իրան-Հայաստան տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք ստեղծել։ Արդյունքը կներկայացվի միջազգային զբոսաշրջային շուկայում, և հնարավոր է` ապագայում Հայաստան-Վրաստան-Իրան զբոսաշրջային փաթեթ տրամադրվի։

Զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը

Մենք պետք է մրցունակ լինենք զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում։ Չնայած մեր երկրի և Իրանի միջև վիզային ռեժիմ է գործում, այնուհանդերձ իրանցիների համար հայկական սահմանը հատելը միշտ հասանելի է եղել։

Նրանք այսօր էլ հեշտությամբ վիզա են ստանում սահմանին ։ Առավել ևս, որ Իրանի քաղաքացիների համար պետտուրքը կազմում է 3 000 դրամ (շուրջ 6 դոլար)։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հայտնի է իր հյուրընկալությամբ։

2013թ.-ի հուլիսին Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ներմուծումն ազդել է այդ երկիր մեկնող զբոսաշրջային հոսքի վրա, սակայն չի նվազեցրել Հայաստան այցելող իրանցիների թիվը։ Վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելը կարող է ավելի գրավիչ դարձնել Վրաստանը, և դա կավելացնի Հայաստանի տարածքով Իրանի քաղաքացիների հոսքը Վրաստան։

Մեր երկիրը միշտ գրավել է իրանցիներին։ Երեք երկրի միջև զբոսաշրջային կապերը ոչ միայն տնտեսական բնույթ են կրում, այլ նաև` քաղաքական, սոցիալական ու միջմշակութային։

Իրանցիների բացահայտումը

Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանը «բացահայտել» են 2007-2008թթ.-ին։

2011թ.-ին Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 134 հազար։ 2012-2013թթ.-ին Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով զբոսաշրջային հոսքը զգալիորեն կրճատվել է։ 2012թ.-ին այցելուների թիվը կրճատվել է մինչև 110 հազար, 2013թ.-ին կազմել է 95 հազար։ 2014թ.-ին ցուցանիշն աճել է և հավասարվել 2012թ.-ի թվին` 110 հազար։

2014թ.-ի համեմատ 2015թ.-ին Իրանից Հայաստան այցելուների թիվն ավելացել է 24 տոկոսով` կազմելով 144 հազար։

Sputnik Հայաստան