Արցախի անկախության 25-ամյակի հոբելյանական կոնյակի անվան քվեարկության արդյունքները հայտնի են
Ավարտվել է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության առցանց խորհրդատվական քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել էր փետրվարի 3-ի երեկոյան Արցախպրեսի կայքում:
Քվեարկությանը մասնակցել է 4273 քաղաքացի: Մասնավորապես, ըստ ձայների բաշխվածության՝ պատկերը հետևյալն է՝ «Ազատություն» – 21, «Ազատ» - 36, «Ազատագրող» – 46, «Վերածնունդ» – 59, «Տիգրանակերտ» – 1657 և «Հաղթանակի համը» – 2454 ձայն: Այսպիսով, ըստ քվեարկության վերջնական արդյունքների՝ ձայների գերակշիռ 2454 կամ 57 տոկոսը հավանություն է տվել «Հաղթանակի համը» տարբերակին, հայտնում է Արցախպրեսը:
ԱՀ կառավարության նախաձեռնությամբ՝ արտադրվելու է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական 10 հազար շիշ կոնյակ, որոնց վաճառքից հավաքագրված հասույթը ուղղվելու է պաշտպանության բանակի հզորության ամրացմանը: Կոնյակի անվան ընտրության համար հայտարարված մրցույթի արդյունքում, հանձնաժողով է ներկայացվել 128 առաջարկ` 58 հոգու կողմից: Հանձնաժողովի կողմից ընտրվել էր 6 տարբերակ, որոնք «Արցախպրես»-ի կայքում փետրվարի 3-ի երեկոյան դրվել էին հանրային քվեարկության, որն, ըստ նախապես արված հայտարարության, տևել է մինչև փետրվարի 6-ը, ժամը 14:00-ն:
Արցախի վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովն առաջիկա օրերին կամփոփի խորհրդատվական քվեարկության արդյունքները՝ հրապարակելով իր վերջնական որոշումը: