Էջմիածնի տաճարի գաղտնիքները. երբ թացն ու չորը խառնվում են
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի տաճարի շուրջ պարբերաբար շրջանառվում են պատմություններ, որոնք, սակայն, մասամբ են համապատասխանում իրականությանը: Ո՞րն է ճշմարտությունը. Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ փորձեցինք տարբերել թացը չորից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայերի հոգևոր կենտրոնն է: Այդուհանդերձ քչերը գիտեն եկեղեցու մի քանի հետաքրքրական փաստերի մասին: Երևույթներ, որոնք Աստվածային, պատմական ու նույնիսկ պատահական ծագում ունեն:
Կարիճը չար ուժի խորհրդանիշ
Մայր տաճարի զանգակատան կամարում կարելի է տեսնել քարացած կարիճ` շրջապատված հրեշտակների որմնանկարներով: Այս փաստը բազմաթիվ ենթադրությունների առիթ է դարձել: Ոմանք հրեշտակների պատկերների շուրջ թունավոր արարածի առկայությունը միտում են համարում` փաստին վերագրելով բազմաբնույթ առեղծվածային պատմություններ: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան պատմություն դարձած պատահականություն:
Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում: Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը: Կարիճի առկայությունը գուցե ուշադրության չարժանանար, եթե առաքելական եկեղեցին այն չհամարեր չար ուժի խորհրդանիշ: Եվ չնայած պատահականությանը, ժողովուրդը շարունակում է կարիճի առկայության փաստին վերագրել առեղծվածային ծագում` խառնելով թացը չորի հետ:
Կարիճը տեսնելու համար հարկավոր է նայել Մայր տաճարի կենտրոնական մուտքի կամարում պատկերված ձախ հրեշտակին, որի ձախ անկյունում էլ կտեսնեք պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը:
Ինչ են խորհրդանշում կարիճն ու օձը
Կարիճի պատկերը կարելի է հանդիպել քահանաների հողաթափերի մեջ, ասեղնագործված կրունկի մասում, քանի որ համաձայն սաղմոսի, կարիճը և իժը մարմին ստացած չարիք են: Երբ քահանան եկեղեցական արարողակարգ կատարելիս, խորհրդանշելով Քրիստոսին, տրորում է կարիճը ու օձը, ոտատակ է տալիս ամեն բացասականն ու չարը: Սակայն, ի տարբերություն կարիճի, օձը առաքելական եկեղեցում երկու իմաստ ունի, որոնք ինչ-որ չափով հակասական են:
Օձի պատկերը մեր եկեղեցում կարելի է հանդիպել նաև գավազանի վրա, ինչպես նաև օձագլուխ գավազան հաճախ կարելի է տեսնել հոգևոր առաջնորդների ձեռքին: Փաթաթված օձը խորհրդանշում է իմաստնություն և խորագիտություն, որը տալիս են վարդապետերին:
Շահ Աբասի պատկերը մեկ գիշերում հայտնվեց Մայր տաճարի պատին
Ինչու՞ և ինչպե՞ս Շահ Աբասի պատկերը հայտնվեց Մայր տաճարի հյուսիսային գմբեթի կամարի վրա: Այդ մասին շրջանառվող լուրերն, ըստ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի, կառուցված են հորինված պատմության հիման վրա:
Ըստ հորինվածքի, Շահ Աբասի դիմանկարը տաճարի պատին որոշվել է քանդակել շատ արագ, իսկ պատկերը քանդակվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Ո՞րն էր երկրի, մահմեդական թագավորի պատկերի հապճեպ դաջման անհրաժեշտությունը Մայր տաճարի գմբեթի տակ: 1604թ.-ին Շահ Աբասը, խախտելով խաղաղության պայմանագիրը, արշավի է դուրս գալիս դեպի Հայաստան: Գրավում է Հին Ջուղան և իր հետ տանում է մեծ թվով հայերի: Շահ Աբասը մտադիր էր տեղահանված հայերի ձեռքերով շենացնել իր երկիրը: Տեղահանված հայերին տեղավորեցին Սպահանում, սակայն շատ-շատերը նույնիսկ տարիներ անց երազում էին Հայաստան վերադառնալու մասին: Շահ Աբասը հասկանում է, որ մարդկանց ձգում է հավատն ու Էջմիածինը: Նա որոշում է հայերի համար նոր հոգևոր կենտրոն կառուցել՝ մտածելով, թե հավաքատեղի ունենալը կլռեցնի հայերի՝ հայրենիք վերադառնալու պոռթկումը: Շահ Աբասը իր զինվորներին հրամայում է գնալ Էջմիածին, քանդել Մայր տաճարը և համարակալած քարերը տեղափոխելով Պարսկաստան, Սպահանում կառուցել նոր տաճար: նա հրամայում է Սպահան բերել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, որը նույնպես Էջմիածնում էր, իսկ սա կնշանակեր, որ առաքելական եկեղեցին ինչ-որ չափով կդադարեցներ իր գործունեությունը: Բանն այն է, որ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով է կատարվում առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններից մեկը` սուրբ մեռոնի օրհնությունը, որը և ամբողջացնում է ողջ հայ ժողովուրդը և եկեղեցին:
Շահ Աբասի սարսափելի մտադրության մասին լուրը հասնում է Հայաստան: Հայ վանականները գիտեին պարսկական սովորույթներից մեկի մասին`երբեք չքանդել այն շինությունը, որի վրա կլինի պարսից Շահի պատկերը: Իսկապես, այդպես էլ լինում է: Որոշում է կայացվում հնարավորինս արագ քանդակել Շահի պատկերը տաճարի պատին, ինչը և փրկում է Մայր տաճարը ավերումից: Իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու անասելի ջանքերի շնորհիվ, հնարավոր է լինում մի վաճառականի օգնությամբ գաղտնի վերադարձնել Էջմիածին:
Այսպիսով՝ Շահ Աբասի քանդակի պատմության մեջ ևս խառնված են թացն ու չորը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Շահ Աբասի հատվածը համարում է շինծու:
«Այն պատկերը, որը առկա է Մայր տաճարի հյուսիսային զանգակատան ճակատին, Շահ Աբասը չէ, քանի որ պատմական որևէ փաստարկ գոյություն չունի: Այդ տարիների ազգային եկեղեցական անցուդարձի մասին վկայություններ ունի Առաքել վարդապետ Դավրիժեցի պատմիչը, և նրա պատմագրքում քանդակի վերաբերյալ հիշատակում չկա, սակայն կա վկայություն, որ Շահ Աբասը ուզում էր քանդել Մայր տաճարը և Նոր Ջուղայում վերակերտել այն, ինչպես նաև 15 հիմնաքարեր այնուամենայնիվ տեղափոխվեցին և առ այսօր գտնվում են Նոր Ջուղայում, հայկական եկեղեցում: Այո՛, Դավրիժեցին այս մասին գրել է, սակայն քանդակի մասին` ոչ: Այս փաստերը հաշվի առնելով` Շահ Աբասի քանդակի մասին պատմությունը համարում ենք շինծու»,- ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ուսումնասիրություններով պարզվել է, որ հավանաբար պատկերված դիմանկարը պատկանում է այն նվիրատուին, ում միջոցներով Եղիազար Այնթափցի կաթողիկոսը 1680-ական թվականներին կառուցել է երեք զանգակատները` Հարավայինը, Հյուսիսայինը և Արևելյանը: Արևելյան զանգակատան ճակատին փորագրված է Եղիազար Այնթափցի Հայոց կաթողիկոսի պատկերը, և մենք ենթադրում ենք, որ Հյուսիսային զանգակատան ճակատին էլ նույնպես քանդակված է բարերարի պատկերը:
«Ինչ վերաբերում է Գրիգոր Լուսավորչի աջին, ապա, այո՛, այն գողացված եղել է: Դա մեզ համար, առաջին հերթին, բարոյական կորուստ էր, սակայն, այդ օրերին մեռոն օրհնություն կատարվել է, և մեռոնը օրհնվել է Գրիգոր Լուսավորչի այլ մասունքներով, որոնք նույնպես պահվում են Էջմիածնում»,- ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մայր տաճարը կառուցված է հոսող ջրերի վրա
Շատ կաղապարված գաղափարներ պնդում էին, թե անհնար է, որ Մայր տաճարը կառուցված լինի հոսող ջրերի վրա, քանի որ կառույցը ամուր չի լինի, ջրերը կվնասեն հիմքը: Բայց հին ու փորձառու վարպետները գիտեին իրենց անելիքը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից: Հենց այդ ջրերից է օգտվում տաճարի ներսի՝ հրաշագործ համարվող ջրհորը: Այն ունի յոթ մետր խորություն և հայտնի է իր համային և որակական առանձնահատկություններով: Շատ հավատացյալներ գալիս են տաճար հատուկ ջրհորից ջուր խմելու՝ խորապես հավատալով ջրի բուժիչ ու հրաշագործ հատկություններին: Հետաքրքրական է նաև, որ տարիներ շարունակ, անկախ եղանակից, ջրի օգտագործման չափից կամ ցանկացած այլ հանգամանքից տաճարի ջրհորի ջուրը մնում է նույն մակարդակի վրա:
«Ջրհորի ջուրը հրաշագործ է մարդու հավատի չափով: Եթե մարդ խմի այդ ջուրը խորին հավատով, որ կապաքինվի, ուրեմն այդպես էլ կլինի: Ժամանակին տաճարում ջրհորները մի քանիսն էին, սակայն այժմ մնացել է միայն մեկը: Մենք ջրհորի ջուրը օգտագործում ենք տնտեսական նպատակներով կամ անհրաժշտության դեպքում մկրտության համար: Տաճարի բակի ցայտաղբյուրներից նույնպես այդ ջրերն են հոսում: Հավատացյալները նույն ներշնչանքով կարող են ըմպել նաև ցայտաղբյուրից»,- ասում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մայր տաճարի թանգարանի գանձերը
Մայր տաճարը ունի նաև անհավանական թանգարան՝ հարուստ գանձերով թե՛ փոխաբերական և թե՛ ուղիղ իմաստով: Այս թանգարանում է պահվում հրաշագործ գեղարդը` հենց այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Քրիստոսին՝ պարզելու համար ողջ է նա, թե մեռած: Դեռ միջնադարում գեղարդի հրաշագործության մասին գիտեին նաև Վրաստանում: Երբ Վրաստանը կոտորվում էր մահացու վարակից, վրաց պատրիարքը խնդրեց հրաշագործ գեղարդն իր ժողովրդին փրկելու համար: Եվ, իսկապես, գեղարդը տեղափոխելուն պես հազարավոր կյանքեր խլած համաճարակը սկսեց աստիճանաբար նահանջել:
Նույնքան հրաշագործությամբ է հայտնի Նոյյան տապանի մասունքը: Աստվածային ուժ ունեցող քարացած փայտը, դեռևս 18-րդ դարում է տեղադրվել թանկարժեք քարերով զարդարված ոսկե պատյանի մեջ: Ս. Էջմիածնի Մայր տաճարում գտնվող Նոյյան տապանից մնացած մասունքը թեև միակն է աշխարհում, բայց ունի հատված, որն իր ձեռքով կոտրել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը և նվիրել Եկատերինա II-ին:
Մայր տաճարը պատահական տեղում չկառուցվեց
Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը տեսիլք ունեցավ, որի համաձայն՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի աղոթքի տունը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը:
Եվ հենց տաճարի անունն իր մեջ կրում է ողջ պատմությունը` «Էջք-Միածինը», «Իջավ միածինը», «Էջմիածին»: Այո՛, Մայր տաճարը պատահական տեղ չկառուցվեց և նույնիսկ մարդկային ընտրությամբ էլ չկառուցվեց», — ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Ամալյա Պապյան, Sputnik.