Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Մատենադարան տանող ճանապարհը ձևավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով

ՄատենադարանՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Մատենադարան տանող ճանապարհի հարևանությամբ բացվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծը: «Երևան Փրոդաքշնս» ընկերության imyerevan.com կայքի նախաձեռնությամբ իրականացված այս ծրագրով Մաշտոցի պողոտայի 51 հասցեից մինչև Սարմենի փողոց տանող հատվածում գտնվող երբեմնի անշուք պատի խորշերը «քողարկվել» են մեսրոպյան այբուբենի երկաթաձույլ տառերով: Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ հայկական զարդանախշերը` արույրից: «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակ, նկարիչ-դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը նշել է, որ աշխատանքը ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի ճարտարապետության ու գունային համադրությանը:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և ողջունում է նմանօրինակ նախաձեռնությունները: Մայրաքաղաքն առավել բարեկարգ ու գրավիչ դարձնելուն ուղղված այս նախագիծը «Մի պատի պատմություն» հայեցակարգի մաս է կազմում, որը ենթադրում է պատը դարձնել արվեստի հարթակ` ինտերակտիվ ցուցասրահ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը` ընդգծելով նաև, որ հետագայում ևս քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը նմանատիպ նախագծերին:

Երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվելու է: Պատին տեղադրվել են նաև տեսահսկող սարքեր: Տարածքում գործում է անվճար wifi, ինչը հնարավորություն է տալիս QR կոդերի միջոցով ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Ի դեպ, վեց ամիսը մեկ կներկայացվի նոր արտ-ինստալացիա, իսկ հին ցուցադրությունը կտեղափոխվի և կցուցադրվի Հայաստանի այլ քաղաքներում:

«Երևանը զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների համար ավելի գրավիչ դարձնելու փնտրտուքները մեզ բերեցին այստեղ: Անմիջապես միտք հղացավ դրան նոր շունչ հաղորդել: Վերջին տարիներին տարբեր վայրերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ և մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել մայրաքաղաքին հարիր, գեղեցիկ ու հաճելիորեն տարբերվող տառատեսակներ»,-իր հերթին նկատել է «Երևան Փրոդաքշնս» ընկերության imyerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանը:

Միջոցառումը շարունակվել է Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված շնորհանդեսով:

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բոլոր աջակիցներին տրվել են հատուկ շնորհակալագրեր: